5 փետրվարի 2025 - 11:21 AMT
Կոպիրկինը` հայ-ռուսական հարաբերությունների մասին․ Ստերիլ մթնոլորտ չի կարող լինել

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հասունության նոր փուլ են մտնում, որտեղ, չնայած որոշակի խնդիրների և տեսակետների տարբերության, կողմերը լավ են պատկերացնում հարաբերությունների կարևորությունը։ Նա այդ մասին ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ստերիլ մթնոլորտ չի կարող լինել։

Դեսպանը նշել է, որ թեև երբեմն տեղեկատվական տեղեկատվական ֆոնն էլ բարդ է և արվում են արտաքին միջամտության փորձեր, այնուամենայնիվ, կա ընդհանուր տրամադրվածություն՝ չեզոքացնելու ստեղծվող լարվածությունը և զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները։

«Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ` հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները», - նշել է դիվանագետը։

Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։

Դեսպանը նշել է, որ արտաքին ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծել է, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:

Նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր պայմաններից մեկն էլ վստահության պահպանումն է, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները համոզված լինեն, որ կողմերը որևէ ծածուկ օրակարգ չունեն։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում քննարկվող՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագծին՝ դեսպանը հիշեցրել է ՌԴ պաշտոնյաների նախկին հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանը ինքնիշխան իրավունք ունի կայացնելու իր որոշումը, և Ռուսաստանը դա հարգում է։

Կոպիրկինը նշել է,սակայն, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել երկու մաքսային միությունների կազմում, մանավանդ երբ Արևմուտքն ու ԵՄ-ն բացահայտորեն դրսևորում են ոչ բարեկամական վերաբերմունք Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Նա հիշեցրել է նաև Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ Հայաստան կատարած այցն ու նրանց հնչեցրած կոչերը՝ ուղղված Հայաստանի ու Ռուսաստանի կապերի խզմանը։ Կոպիրկինը կարծում է, որ երբ հարցն այսպես է դրվում, չափազանց դժվար է ինչ-որ բան որոշելը։

Կոպիրկինը շեշտել է, որ ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը երբեք քայլեր չի ձեռնարկել որևէ երկիր պատժելու կամ նրա հետ կապերը խզելու նպատակով։ «Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է փոխընկալելի լուծումներ գտնելուն, այլ ոչ թե պատժամիջոցներ կիրառելուն», – հավելել է դեսպանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրներից խուսափել հնարավոր չէ, բայց դրանց հասունությունը որոշվում է հենց դժվարություններին ճիշտ արձագանքելու և դրանք լուծելու ունակությամբ։

Կոպիրկինը կարևորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Նա նշել է, որ Մոսկվան ակնկալում է Հայաստանի մասնակցությունը՝ ընդգծելով, որ դա հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր պատմության կարևորագույն էջերից է։