Ամերիկյան Quincy Institute-ի համահիմնադիր, փոխտնօրեն Տրիտա Պարսին անդրադարձել է Մերձավոր Արևելքի իրադարձությունների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, Իրանի իրականացրած քաղաքականությանը տարբեր ուղղություններով, ինչպես նաև Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում ԱՄՆ-ի հետաքրքրություններին։
Նա նշել է, որ նախկինում Իրանը և Ռուսաստանը ավելի ազդեցիկ էին տարածաշրջանում, և եթե այդ երկու երկրներն այսօր այդքան թուլացած չլինեին, հնարավոր է՝ Հարավային Կովկասի ներկա պատկերը այլ լիներ, հայտնում է Արմենպրեսը։
«Իմ դիտարկումներով՝ թուրքերն ակնհայտորեն աջակցում են ադրբեջանցիներին, սակայն ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են, քան թուրքերն են ուզում լինել։
Բացի այդ, կա ևս մեկ գործոն, որը բարդացնում է իրավիճակը։ Ադրբեջանը ռազմական առումով ամբողջովին կախված է Իսրայելից։ Նրանք չափազանց մտերիմ են Իսրայելի հետ, մինչդեռ Թուրքիան և Իսրայելը հակամարտում են Պաղեստինի հարցում։ Սա մեծ ճկունություն կպահանջի, որպեսզի չառաջանան առճակատումներ կամ առնվազն լարվածության մեծացում»,–ասել է նա։
Փորձագետը նշել է նաև, որ Ալիևի կառավարությունը ո՛չ նրա թշնամիների, ո՛չ էլ նույնիսկ նրա ընկերների կողմից չի դիտարկվում որպես հասունացած դերակատար։
«Սա մի բան է, որի շուրջ գրեթե բոլորը համաձայն են։ Բացի այդ, այն փաստը, որ նա այդքան կախված է Իսրայելից և սերտ հարաբերություններ ունի վերջինի հետ, մեծացնում է հավանականությունը, որ Իսրայելը նրան ճնշման տակ կդնի որոշակի քայլերի դիմելու համար՝ որպես Իրան-Իսրայել լայնածավալ հակամարտության մի մաս»,–ասել է նա։
Պարսին անդրադարձել է նաև Թուրքիա-Իրան հարաբերություններին՝ նշելով, որ դրանք միշտ էլ եղել են լարված, սակայն պահպանել են որոշակի կայունություն։
«Երկու երկրները հասկանում են, որ մաքսիմալիստական մոտեցումը միմյանց նկատմամբ չի աշխատի։ Նրանք կարող են մրցակցել Սիրիայում, բայց համագործակցել մեկ այլ տեղ։ Սակայն ներկայումս ուժերի հարաբերակցությունը փոխվում է։ Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, Թուրքիան՝ ավելի համարձակ։ Իրանի համար սա կարող է լուրջ մարտահրավեր դառնալ», – ընդգծել է վերլուծաբանը։
Նրա դիտարկմամբ, Թուրքիան հզորացրել է իր ազդեցությունը Կովկասում, մինչդեռ Իրանի մտահոգությունները Էրդողանի նեոօսմանյան հավակնությունների վերաբերյալ աճում են։
Անդրադառնալով ԱՄՆ-ի դերակատարությանը՝ Պարսին նշել է, որ Վաշինգտոնի առաջնահերթությունը եղել է Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացումը, սակայն այս մոտեցումը կարող է փոփոխվել Թրամփի վարչակազմի օրոք։
«Բայդենի վարչակազմը փորձել է Հայաստանը դիտարկել որպես Ռուսաստանին խնդիրներ ստեղծելու գործիք։ Սակայն Թրամփի վարչակազմը կարող է այս տարածաշրջանին շատ ավելի քիչ ուշադրություն դարձնել։ Սա նշանակում է, որ ամերիկյան քաղաքականությունը կա՛մ կշարունակվի իներցիայով, կա՛մ կփոխվի՝ կախված նրանից, թե արդյոք Թրամփի թիմը ընդհանրապես հետաքրքրված կլինի Կովկասով», – ասել է նա։
Ըստ փորձագետի, Թրամփի թիմում կան մարդիկ, որոնք իրենց բնորոշում են որպես «քրիստոնյա ազգայնականներ», ինչը կարող է բերել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը նրանց օրակարգում ձեռք բերի կրոնական նշանակություն։
Իրանի հնարավոր արձագանքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում, ըստ Պարսիի, մնում է բարդ և անկանխատեսելի։
«Այն, որ Իրանը թուլացել է, չի նշանակում, որ նա պատրաստ է զիջել այս հարցում։ Պատմականորեն դա կարմիր գիծ է եղել, և եթե Իրանը նահանջի այստեղ, դա կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել, որը կասկածի տակ կդնի նաև իր այլ առաջնահերթությունները», – նշել է նա։
Ըստ փորձագետի, Իրանը կարող է ստիպված լինել կենտրոնացնել իր ռեսուրսները հենց այս ուղղությամբ, եթե զգա, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում իրական վտանգ է սպառնում իր շահերին։