Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել բանախոսի հարցերին։
Նա նշել է, որ ՀՀ–ում կրոնական ազատությունը ժողովրդավարության կարևոր մաս է։
«Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության, քանի որ ազատ լինելը նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ: Բայց լինել ազատ, մյուս կողմից, նշանակում է հանդուրժողականություն ուրիշների կրոնական հայացքների նկատմամբ, և մեկն առանց մյուսի կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության։ Աստծուն հավատալը կամ չհավատալն անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է»,–ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Հայաստանը 2020 թվականին միացել է Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին՝ նախագահ Թրամփի առաջին նախագահության օրոք։
«Հայաստանի գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար։
Հայաստանում ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, ունենք նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որոնք գործում են ազատորեն և մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ։ Կան նաև այլ կրոնական կազմակերպություններ՝ հիմնված քրիստոնեության վրա, և նրանք գործում են ազատ։
Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը, և վերջերս Հայաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։ Հայաստանում ունենք Ռուս Ուղղափառ եկեղեցու, ասորական եկեղեցու, ռուս մոլոկանների, հեթանոսների ներկայությունը։
Հայաստանի հրեական համայնքը թեև փոքր է, բայց կարևոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ՝ իր հոգևոր կյանքով, որը կենտրոնացած է Երևանի Սինագոգի շուրջ:
Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք գործող մահմեդական մզկիթ ունենք, որը մեր մշակութային ժառանգության շատ կարևոր մասն է»,–ասել է իր խոսքում վարչապետը։
Նա նշել է, որ տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։
«Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար։
Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Եվ մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել»,–ասել է Փաշինյանը։
Հետագա քննարկումների ընթացքում վարչապետը պատասխանել է բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին։