6 փետրվարի 2025 - 11:42 AMT
ԶՊՄԿ-ն մերժել է 120-150,000 դրամով աշխատավարձերը բարձրացնելու առաջարկը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև փետրվարի 5–ին կայացած և երկու ժամից ավելի շարունակված բանակցություններն ավարտվել են անարդյունք։

«Տնօրինությունը չի ընդունել 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը։ Անգամ մերժել է սիմվոլիկ չափով որևէ բարձրացում անել, պահանջելով անհապաղ վերադառնալ աշխատանքի», - ասել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը, հայտնում է «Ազատությունը»։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները նաև կասկածի տակ են դնում Մետալուրգների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանի անաչառությունը՝ հաշվի առելով այն հանգամանքը, որ «արհմիությունը չի տրամադրել աշխատակիցների գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը, արհմիության կանոնադրությունը և օրեր առաջ տեղի ունեցած քվեարկության արձանագրությունը, ինչը, ըստ Վահե Մխիթարյանի, պարտավոր էր անել:

Գործադուլը համակարգող խորհրդի անդամը հանդիպումից առաջ ասել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել էր՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով։

Գործադուլավորներից մեկն էլ ասել է․ «Էստեղ ոչ մեկը հենց էնպես չի հավաքվել, մարդիկ բոլորն էլ գիտակցում են: Թող էսօր իրանք որ ասում են՝ «ձեր աշխատավարձը բարձր ա», բա իրանց աշխատավարձերը ինչքա՞ն ա, որ տաքուկ կաբինետներում նստած են՝ մեզանից մի 40-50 անգամ ավել փող են ստանում, բա դա արդարացի՞ ա: Մարդիկ էլ փոշիների, մեքենաների մեջ ռիսկավատներ են անում»։

Հայաստանի խոշորագույն հարկատուն արդեն վեց օր շարունակ չի գործում։ Գործադուլավորները պնդում են, որ իրենց պահանջն արդարացի է և չեն պատրաստվում զիջումների գնալ, մինչդեռ գործատուի առաջարկները համարում են անընդունելի։

Մետալուրգների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը հանդիպումից առաջ ասել էր, որ գործընթացը մտել է փակուղի՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը լուրջ վնասներ է պատճառում պետությանը։

«Նախ մի կողմ դնենք, որ ամենաառաջին հարկատուն է Հայաստանի Հանրապետությունում, շատ մեծ հարակից կազմակերպություններ ուղղակի սնվում են, աշխատում են Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ 50 հազար մարդ։ Երկրորդը՝ ժողովուրդը՝ Գորիսը, Կապանը, Քաջարանը, Ագարակը, բոլորն այստեղ են աշխատում, սոցիալական որևէ էդպիսի աջակցություն ... ես չեմ գովազդում, ես փաստերով եմ ասում: Կոմբինատը պիտի՛ աշխատի, միանշանակ, դա ռազմական, կենսական, ամեն նշանակություններով դա Հայաստանի Հանրապետության համար արհավիրք է, դուք պատկերացնում ե՞ք դա ինչ արհավիրք է»,-ասել է նա։

Փահլևանյանը նշել է, որ եթե գործադուլավորները չվերադառնան աշխատանքի, ապա նրանց քայլերն օրինական դաշտից դուրս կգան, քանի որ գործադուլը կդառնա ոչ օրինական։ Նրա առաջարկն է եղել դադարեցնել գործադուլը՝ գործատուին տրամադրելով 14 օր իրենց պահանջները կատարելու համար։ Եթե այդ ժամկետում հարցը չկարգավորվի, ապա աշխատակիցները կարող են նորից գործադուլ սկսել՝ արդեն օրենքի սահմաններում։ Սակայն, ըստ նրա, գործադուլավորները չեն ընդունել այս տարբերակը։

«Եթե դուրս գային աշխատանքի, մենք արդեն արհկոմի որոշումով մտնում էինք օրենսդրության նորմի համաձայն և դարձնում էինք սա օրինական գործադուլ՝ 14 օր տալով գործատուին, որպեսզի աշխատավորների պահանջը բավարարի, չբավարարելու պահով մենք կարող էինք օրենքով սահմանված կարգով գործադուլի գործընթացը սկսեինք, բայց չհամաձայնվեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները ոչ մեկի չեն հավատում՝ «մենք գնում ենք կտրուկ քայլերի», - նշել է Փահլևանյանը։

Չնայած կոմբինատը հինգ օր շարունակ չի արտադրում, կառավարությունը, որը կառույցի 22 տոկոսի բաժնետերն է, դեռևս որևէ արձագանք չի հայտնել ոչ գործադուլին, ոչ էլ աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներին։ Կոմբինատի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերություններին և անձանց։