Փետրվարի 6–ին Բաքվի զինդատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Նրան ծանր մեղադրանքներ են առաջադրել, որով Վարդանյաին ցմահ ազատազրկում է սպառնում։
Դատավարությունն ընթանում է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, հայտնում է Minval.az-ը։
Նշվում է, որ Վարդանյաին կրկին անգամ ներկայացրել են իր իրավունքները և փաստաբան տրամադրել։
Վարդանյանի դատավարությունն առանձին վարույթով է ընթանում։
Ակնկալվում է, որ փետրվարի 6–ին կշարունակվի նաև մյուս հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Խոսքը 15 անձի մասին է։ Նրանք են՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։