ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Նախատեսվում է ներդնել մուտքի հսկողության կենսաչափակն սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղեբեռների զննման նոր սերնդի սարքավորում, որը կապահովի ուղեբեռների 98%-ի զննում, իսկ 2%-ի զննումը, որը սարքավորումը ավտոմատ կուղարկի 2–րդ փուլ, կիրականացվի առանձին սարքավորմամբ»,– ասված է որոշման մեջ։
Սա հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղեբեռների արագ զննման ընթացակարգեր՝ լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն) կողմից սահմանված չափորոշիչները։
Որոշվել է նաև սահմանել քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափեր, հայտնում է «Հետքը»։
Սահմանվել են նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ աշխատողների և այցելուների մուտքի համար հատկացվող անցագրերի տեսակները և ձևաչափերը։
Կառավարությունը որոշել է սահմանել քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի, օդանավի անձնակազմի անդամի վկայականի համար դիմած տեսուչների և օդաչուների, օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ անցագիր ստանալու համար դիմած անձանց բժշկական ստուգման պայմանները։ Պետք է հստակ լինի, որ այդ անձինք հաշվառված կամ գրանցված չեն նարկոլոգիական դիսպանսերներում և չունեն հոգեկան խանգարումներ, չեն տառապում թմրամոլությամբ, չեն օգտագործում թմրանյութեր և քիմիական հոգեմետ նյութեր։