6 փետրվարի 2025 - 13:56 AMT
ՀՀ–ում ապրանքները կդրոշմավորվեն նույնականացման թվային միջոցներով ԵԱՏՄ արտահանելու համար

ՀՀ–ում ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն ԵԱՏՄ արտահանելու համար: Նման որոշում է կայացվել կառավարության նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) մասով ՀՀ տարածքում գործում են դրոշմավորման ներքին և ԵԱՏՄ ստանդարտի մեխանիզմներ:

Այդ իսկ պատճառով նշված ապրանքների դեպքում կսահմանվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգավորումներ։ Մինչ նոր որոշման ընդունումը նշված ապրանքները ՀՀ սահմաններում իրացնելու համար տնտեսվարողները կիրառում են դրոշմապիտակներով դրոշմավորման մեխանիզմ, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս դեպքում, ըստ կառավարության ամփոփաթերթի, յուրաքանչյուր միավոր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջական չի փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչը հնարավորություն չի տալիս ամեն միավորի համար ապահովել լիարժեք հետագծելիություն։

Նույնականացման միջոցներով դրոշմավորումն կներդրվի փուլերով։ Օրինակ՝ ըմպելիքները, պահածոյացված մթերքը 2025 թվականի մարտի 1–ից նույնականացման միջոցներով կդրոշմավորվեն, կաթնամթերքը՝ 2025 թ. հունիսի 1-ից, յուղերը՝ 2025 թ. սեպտեմբերի 1-ից, դեղերը՝ 2026 թ. հունվարի 1-ից։

ԵԱՏՄ անդամ–պետությունները մշակել են նոր ստանդարտի նույնականացման միջոցներով դրոշմավորում, որը սկսել է ակտիվորեն մտնել անդամ պետությունների համակարգ: