6 փետրվարի 2025 - 15:15 AMT
Նախարար․ Ամեն ինչ գնում է նրան, որ հայաստանյան բանկերը վարկավորեն «Լիդիանին»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հայաստանյան առևտրային բանկերը, ամենայն հավանականությամբ, կվարկավորեն «Լիդիան Արմենիային»:

«Ամեն ինչ գնում է նրան, որ տեղի է ունենում վարկավորումը: Այս պահին, իմ տպավորությամբ, խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են», -ասել է, հայտնում է «Ազատությունը»։

Նա հավելել է, որ նախ կլինի շինարարության, ապա արդեն հոկտեմբերից կմեկնարկի արդյունահանման փուլը:

Եվրասիական զարգացման բանկի ֆինասնավորման տապալումից հետո «Լիդիան Արմենիան» բանակցություններ է սկսել հայաստանյան առևտրային բանկերի հետ՝ 150 միլիոն դոլար ներդրում ներգրավելու համար։ Էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ վստահեցրել էր, որ տեղական բանկերը պատրաստ են նման չափի խոշոր ֆինանսավորում իրականացնել։ Ասել էր, որ բանակցությունները մինչև տարեվերջ կավարտվեն։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է գործընթացը ձգձվում՝ Պապոյանն այսօր ասաց, որ 150 միլիոն դոլար վարկավորումը չի կարող արագ ու հեշտ լինել:

«Լիդիան Արմենիա» ընկերությունից էլ պնդել էին, թե Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի արդեն աշնանը։ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բնապահպաններն տարիներ շարունակ բողոքել են՝ ընդգծելով հնարավոր բնապահպանական ռիսկերը հարակից համայնքների համար։ «Լիդիան Արմենիան» բազմիցս արձագանքել է այս մտահոգություններին՝ վստահեցնելով, որ հանքի շահագործման գործընթացում կպահպանվեն միջազգային բարձրագույն ստանդարտները։

Հայաստանի կառավարությունն արդեն հանդիսանում է Ամուլսարի ներդրումային ծրագրի բաժնետերերից մեկը։ Ընկերությունը գործադիր իշխանությանը փոխանցել է իր 12.5 տոկոս բաժնեմասը։