6 փետրվարի 2025 - 15:50 AMT
Պապոյան. 2024-ին ՀՀ–ից արտահանվել է $118.5 մլն-ի ջերմոցային ապրանք

2024 թվականին Հայաստանից արտահանվել է 118.5 մլն դոլարի ջերմոցային ապրանք, մինչդեռ 2023–ին այդ թիվը մոտ 74.4 մլն դոլար է կազմել։ Ցուցանիշները կառավարության նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ըստ նրա` 2019–24 թթ. ջերմատների աջակցության ծրագրերով հաստատվել ու իրականցվել է 56 հա ջերմատնային տնտեսություններ հիմնելու հայտ։ Ծրագրի թիրախը 2026 թվականն է և 35 հա ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնումը։

Նա նշել է, որ 2023 թ. ՀՀ–ում 1167 հա ջերմատներից հավաքվել է մոտ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հա–ից` 2.2 հազար տոննա հատապտուղ, 190 հա–ից` մոտ 101 մլն հատ ծաղիկ, հայտնում է Sputnik Արմենիան։

Պապոյանի խոսքով` ըստ իրականացված ուսումնասիրությունների` ՀՀ–ում կա 1500 հա ջերմոց և ջերմատուն, որոնցից ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած է ավելի քան 250 հա–ն։

Նշվել է, որ ջերմատների աջակցության ծրագրերով հնարավորություն է ստեղծվում հիմնել ավելի խոշոր ջերմատներ, և դրա համար շահառուներին տրամադրել մինչև 15 մլրդ դրամի սուբիսդավորվող վարկ, որն իր հերթին հնարավորություն կտա հիմնելու մինչև 20 հա տարածքով ջերմատուն։