6 փետրվարի 2025 - 18:46 AMT
Փաշինյան․«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում ելույթից հետո, պատասխանելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին հարցին, շեշտել է, որ նախագիծը տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է։

Նա նշել է նաև, որ այն նաև մարդկանց միջև շփման մասին է։

«Մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է:

Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով։

Ջորջթաունի համալսարանում ունեցած դասախոսության ընթացքում ևս Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգի իրագործման հարցում։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։