Սյունիքի մարզի դատարանում դատախազը 6 տարի է պահանջել «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի համար։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Անդրանիկ Մնացականյանը, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։
«Նման խիստ պատիժ չպիտի լինի, ուժի մեջ մտնելու դեպքում այն վիճարկելու ենք»,- ասել է նա փետրվարի 6–ին կայացած նիստից հետո։
Ջալալ Հարությունյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանը փոխանցել է, որ դատարանը վերջնական դատական վճիռ կկայացնի փետրվարի 7–ին։
«Որոշ ժամանակ անց մենք մամուլի ասուլիս կհրավիրենք ու կվերլուծենք այդ մեծ գործը»,–ասել է նա։
Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք։ Պաշտպանվող կողմը այդ վճիռը բողոքարկելու է։
2020 թվականի հոկտեմբերի 12-ին Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («ՑՕՐ») հրետանային դիվիզիոնի զինծառայողները Ֆիզուլիի Ջուվառլու գյուղի մոտ հակառակորդի կողմից ենթարկվել են հարձակման, որի ժամանակ դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել է, 7 հոգի՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է համարվում։
Ըստ քրեական գործի՝ «ՑՕՐ» զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է՝ որ մոտեցողները յուրայիններ են։