7 փետրվարի 2025 - 13:57 AMT
Իրավապաշտպան. Վարդանյանի փաստաբանը բացարկ է հայտնել թարգմանչին, որը լրջագույն սխալներ է թույլ տվել

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ է հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը, հայտնում է News.am-ը:

Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում ներկայացվել է Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության մի մասը:

«Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել:

Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը: Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝ միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը: Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում»,-նշել է Սիրանուշ Սահակյանը:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի հայտարարություններին, ապա Սիրանուշ Սահակյանը նշել է, որ դրանք, բնականաբար, արվում են ճնշումների ներքո։

«Ոչ մի միջազգային մասնագետի համար այդ ցուցմունքները արժանահավատ չեն հնչում»,–ասել է նա։

Սահակյանը նկատել է, որ մեղադրական եզրակցության հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ այս դատավարության ընդհանուր իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անթույլատրելիության հասնելն ու ինքնորոշման բոլոր ջանքերը ոչնչացնելն է: Փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ այս ամենը եղել է «տարածքների զավթման հանցավոր գործունեություն»:

Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առանձին վարույթով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունների մեղադրական եզրակացությունների մեջ հիշատակվում են նաև ՀՀ նախկին նախագահները, պաշտոնյաները, անգամ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։