8 փետրվարի 2025 - 12:14 AMT
Թրամփ․ Պուտինը չէր սկսի պատերազմը, եթե ես լինեի ԱՄՆ նախագահը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Ուկրաինայի հակամարտությանը, քննադատել Եվրոպային՝ Կիևին անբավարար աջակցություն ցուցաբերելու համար, և հայտնել իր առաջիկա հանդիպումների մասին։

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հետ։

Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր սկսի պատերազմը, եթե ինքը լինեի ԱՄՆ նախագահը։

«Հաջորդ շաբաթ ես, հավանաբար, կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ և, հավանաբար, կզրուցեմ նախագահ Պուտինի հետ», – ասել է Թրամփը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Խոսելով պատերազմի զոհերի մասին՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է․ «Այսքան շատ մարդիկ են սպանվում... 800,000 կամ 900,000 ռուս զինվոր սպանվել կամ լուրջ վիրավորվել են։ Ուկրաինայի դեպքում նույն պատկերն է՝ հավանաբար, 700,000։ Նրանք ավելի փոքր թվեր են ներկայացնում, բայց կարծում եմ, որ դրանք սխալ են»։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը New York Post-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ Թրամփը պատրաստ է խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու նպատակով։

Քելլոգը գործող պատժամիջոցների արդյունավետությունը գնահատել է «ընդամենը 3»՝ տասը բալանոց սանդղակով և ընդգծել, որ դրանք հնարավոր է խստացնել։

Մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը կրկին բարձրացրել է Կիևի հետ համագործակցության հարցը հազվագյուտ մետաղների և այլ բնական պաշարների մատակարարման ոլորտում, որոնք, նրա խոսքով, կարող են դիտարկվել որպես ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական աջակցության փոխհատուցում։

«Մենք ցանկանում ենք անվտանգություն, և ինչպես գիտեք, Եվրոպան շատ ավելի քիչ գումար է ներդնում, քան մենք։ Կոչեք դա ինչպես ցանկանաք, բայց մեր տրամադրած օգնությունը, հավանաբար, 300 միլիարդից ավելին է։ Իսկ նրանցը, հավանաբար, իրականում 100 միլիարդ է... Այդ պատճառով մենք խնդրում ենք հավասարեցնել ծախսերը, բայց մենք նաև խնդրում ենք նախագահ Զելենսկուն ապահովել այդ բոլոր գումարների անվտանգ տեղաբաշխումը», – ասել է Թրամփը։

Նա նաև դժգոհել է, որ, իր խոսքերով, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը երբեք չի պահանջել եվրոպական երկրներից ուղղել այս անհավասարակշռությունը և ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։

Photo. Reuters