Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կհանդիպի «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին, որոնք փակել էին ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները հողերի սեփականության իրավունքին վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են շարունակելու աշխատանքները՝ տրամադրված լիազորությունների սահմանում գտնելու խնդրի լավագույն լուծումը։
«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։
Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։
Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,–ասվում է գրառման մեջ։
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ ճանապարհը և դժգոհում, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել: