11 փետրվարի 2025 - 12:42 AMT
WP. Աջակցությունը հայ քրիստոնյաներին Թրամփը կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից

The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությանը՝ ընդգծելով, որ նա քաղաքական բանտարկյալ է Ադրբեջանում և կանգնած է ցմահ ազատազրկման վտանգի առաջ։ Նա նշել է, որ այս գործը շատ ավելի մեծ ուշադրության է արժանի։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից»,- նշել է Իգնատիուսը։

Հեղինակն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը, որը ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ է, ժամանակին ունեցել է ինքնավար կարգավիճակ և հիմնականում բնակեցված եղել հայերով։ Իգնատիուսը հիշեցրել է նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով մոտ 120,000 հայեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։

«Ռուբեն Վարդանյանին դատում են Ադրբեջանում։ Ո՞րն է նրա հանցանքը։ Ուրիշներին օգնելը։ Աշխարհում այսքան մեծաթիվ տառապանքների ֆոնին՝ առանձին անհատների ​​դեպքերը կարող են աննկատ մնալ: Սակայն ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ճակատագրի մասին․ մի քաղբանտարկյալի, որն Ադրբեջանում կանգնել է դատարանի առջև, որին սպառնում է ցմահ ազատազրկում, և որի գործն ավելի մեծ ուշադրության է արժանի»,- գրել է նա։

Հոդվածում նշվում է, որ Վարդանյանի աջակցությունը Ղարաբաղի հայությանը պատճառ է դարձել, որ նրան Ադրբեջանում մեղադրանքներ ներկայացնեն՝ ընդհուպ մինչև ահաբեկչության կազմակերպում։ Սյունակագիրը մանրամասնել է, որ Վարդանյանը ձերբակալվել է այն պահին, երբ փորձում էր հատել Հայաստանի սահմանը։

Հեղինակը ներկայացրել է նաև Վարդանյանի անցած ուղին՝ նշելով, որ նա գործարար է, որն իր հարստությունը ներդրել է կրթության և մարդասիրական ոլորտներում։ Նա հիշեցրել է, որ Վարդանյանը հիմնադրել է Դիլիջանի միջազգային դպրոցը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը մեծարել է համաշխարհային հումանիստներին։

«Ավրորայի» կարգախոսն է՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Վարդանյանի գաղափարն էր պատվի արժանացնել ամբողջ աշխարհի այն մարդկանց, որոնք մեր օրերում անշահախնդիր կերպով օգնում են ուրիշներին, ճիշտ այնպես, ինչպես պարկեշտ մարդիկ օգնել էին Ռուբենի նախապապին՝ Համայակ Վարդանյանին 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ»,- հիշեցրել է Իգնատիուսը։

Նա ընդգծել է, որ իր համար այս գործը միայն լրագրողական հետաքրքրություն չի ներկայացնում, այլ նաև անձնական։

«Ես պետք է հստակեցնեմ, որ ես Ռուբեն Վարդանյանի գործի չեզոք դիտորդը չեմ։ Նա իմ ընկերն է մեկ տասնամյակ շարունակ, և ես 2016 թվականից ի վեր եղել եմ «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխության արարողության անվարձահատույց հանդիսավարը։ Սա անձնական հարց է. հորս ընտանիքը հայկական է, և «Ավրորային» օգնելով՝ ես ուզում էի իմ երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր փրկել էին իմ նախնիներին Օսմանյան կայսրության տարիներին»,–գրել է սյունակագիրը։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները Վարդանյանին ներկայացրել են 46 մեղադրանք, սակայն, իրական պատճառն այն է, որ նա 2022 թվականին տեղափոխվել է Ղարաբաղ և ստանձնել պետական նախարարի պաշտոնը։

Իգնատիուսը մեջբերել է նաև Amnesty International-ի ներկայացուցչի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Վարդանյանի գործը ցույց է տալիս մարդու իրավունքների խախտումների առկայությունը, այդ թվում՝ խոշտանգումներ, գործի կեղծման հարկադրանք և պաշտպանական հնարավորություններից զրկում։

Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ևս դատապարտել է դատավարության ընթացքը։

«Այս դատավարությունը քաղաքական շոու է: Սրա պատճառը նրա աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանությանը»,- նշել է նա։

Հոդվածը եզրափակվում է Դոնալդ Թրամփի 2024թ․ հոկտեմբերի 23-ի խոսքերով, որտեղ վերջինս հայտարարել էր. «Երբ դառնամ նախագահ, պաշտպանելու եմ հալածյալ քրիստոնյաներին, աշխատելու եմ կանգնեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և վերականգնելու ենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Իգնատիուսը հավելել է. «Հիմա հնարավորություն ունեք կատարելու այդ խոստումը, պարո՛ն նախագահ, օգնելով պարկեշտ մարդուն խուսափել հետապնդումից»։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։