Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 136 հայցադիմում, որոնցով պահանջվում է բռնագանձել 1381 անշարժ գույք, 270 շարժական գույք, 359 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություն, 527 մլրդ դրամ։ Այդ մասին կառավարության նիստում ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր հայցագինը կազմում է մոտ 600 մլրդ դրամ, և այդ թիվը դեռ աճում է, քանի որ բոլոր գույքերի շուկայական արժեքները դեռևս հաշվարկված չեն, հայտնում է Արմենպրեսը։
«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի 1922-Ն որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Գործարկման օրվանից մինչ օրս Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 միլիարդ 283 միլիոն դրամ»,– ասել է նա։
Վարդապետյանը նշել է, որ Կառավարության որոշման համաձայն՝ նախաքննական մարմինները մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը պետք է փոխանցեն տեղեկատվություն դատախազությանը՝ քրեական վարույթներով որպես գույք արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ։ Այս տվյալների ամփոփումը ընթացքի մեջ է, և 2025 թվականի հուլիսի 30-ին գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ։
Խոսելով համայնքներին վերադարձված գույքի և գումարների մասին՝ նա նշել է, որ միայն Արարատի մարզում 2024 թվականին դատախազական միջամտության արդյունքում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար ԱՄՆ դոլարի վնաս։