Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ՄԻԵԴ-ը, հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևան» շարժման բողոքի ակցիայի ցրումը և հասարակական գործիչ, ակտիվիստ Հովհաննես Իշխանյանի կալանավորումը անօրինական ճանաչելու որոշումը։
Ըստ որոշման՝ Հայաստանը պարտավորվում է Իշխանյանին վճարել 4600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 1500 եվրո՝ դատական ծախսերի համար, հայտնում է Sputnik Արմենիան։
«Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ Իշխանյանին ոստիկանությունում 7 ժամ պահելը՝ թաց հագուստով և առանց հանգստի, հավասարազոր է եղել ազատությունից զրկելուն։
Դատարանը նաև արձանագրել է, որ Իշխանյանի կալանավորման համար իրավական հիմքեր չեն եղել։
ՄԻԵԴ-ի վճռում ընդգծվում է, որ «Էլեկտրիկ Երևանի» ցույցի ժամանակ ձերբակալություններն իրականացվել են զանգվածային կերպով՝ առանց անհատական իրավական գնահատման և առանց հիմնավոր կասկածի առկայության։
2015 թվականի մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացում 1 կՎտ/ժ-ի համար։ Հունիսի 17-ին հանձնաժողովն ընդունել էր որոշում, ըստ որի՝ օգոստոսի 1-ից սակագինը պետք է բարձրանար 6.93 դրամով։
2015 թվականի հունիսի 19-ից Երևանի Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սկսել էր բողոքի ցույցեր՝ պահանջելով չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը։ Ցուցարարները իշխանություններին 72 ժամ էին տվել այդ որոշման գործողությունը կասեցնելու համար։