Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն նոր գլխավոր մարզիչ ունի։ Հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդեռլանդցի մասնագետ Ջոնվան’տ Սխիպը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Իսկ նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին։ Գործկոմը հաստատել է նրա թեկնածությունը՝ որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մասնագետը պաշտոնապես կստանձնի իր պարտականությունները 2025 թվականի մարտի 1-ից։ Պայմանագիրը կնքվել է 1+1 ձևաչափով։
Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Նիդեռլանդների հավաքականում՝ մասնակցելով 41 հանդիպման և խփելով 2 գոլ։
-1981-1992 թթ.՝ «Այաքս» (Նիդեռլանդներ) – 273 խաղ, 29 գոլ
-1992-1996 թթ.՝ «Ջենոա» (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ
Որպես խաղացող՝ Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թվականի չեմպիոն։ «Այաքս»-ի հետ նա 4 անգամ նվաճել է Նիդեռլանդների չեմպիոնի տիտղոսը (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990), 3 անգամ՝ Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթը (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթը (1991-1992)։
Մարզչական կարիերայում գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի ազգային հավաքականը։ Նա նաև Նիդեռլանդների ազգային թիմում եղել է Մարկո Վան Բաստենի օգնականը։ 2016 թվականին Ավստրալիայում գլխավորելով «Մելբուռն Սիթի» ակումբը՝ թիմին հասցրել է Ավստրալիայի գավաթի հաղթանակի։