18 փետրվարի 2025 - 17:29 AMT
Ուշակով. ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը կառուցողական էր

Ռուսաստանի և ԱՄՆ-իպատվիրակությունների բանակցություններն ավարտվել են, և դրանք կարելի է հաջողված համարել, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ։

«Տեղի ունեցավ շատ լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ցանկանում էինք քննարկել», –նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման արդյունքում կողմերը ձեռք են բերել հետևյալ պայմանավորվածությունները.

-Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են հաշվի առնել միմյանց շահերը և աշխատել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, քանի որ դա շահավետ է երկու երկրների համար։

-Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացումը մոտ ապագայում քիչ հավանական է, իսկ կոնկրետ ամսաթվերի քննարկում դեռ չի եղել՝ անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք։

-Կողմերը կշարունակեն աշխատել առաջնորդների հանդիպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

-Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները ներկայացրել են իրենց սկզբունքային դիրքորոշումները Ուկրաինայի հարցով։

-Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կսկսեն Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացը՝ որոշակի ժամանակացույցով։

Ուշակովը նաև ասել է, որ Ռուսաստանի բանակցային խմբի կազմը կորոշի նախագահ Պուտինը, մինչդեռ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել իր ներկայացուցիչներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դեռևս անհասկանալի է։ Նախագահն ինքը կորոշի, երբ ստանանք ամերիկացի մասնակիցների անունները», — ասել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն դեռևս չի նշանակել իր ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլտցը և Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր մոտ մեկուկես ժամ։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը։