19 փետրվարի 2025 - 13:07 AMT
Թուրքիայում 9 մեղադրյալ ցմահ ազատազրկման է դատապարտվել Հրանտ Դինքի սպանության գործով

Փետրվարի 7-ին Ստամբուլի դատարանը կրկին վերանայել է 2007 թվականին հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը՝ դատապարտելով 9 մեղադրյալի ցմահ ազատազրկման։

2023 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած միջոցառմամբ հիշատակվել էր Դինքի սպանության 16-րդ տարելիցը։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է շարունակեն փնտրել Դինքի սպանության կազմակերպիչներին, գրում է «Առավոտը»։

«Գրեթե 20 տարվա դատավարություններից ու վերաքննություններից հետո Հրանտ Դինքի սպանության գործով կայացված վերջին դատավճիռը կրկին չբավարարեց նրա ընտանիքին, որն արդարության կարիք ունի», – ասել է CPJ-ի Թուրքիայի ներկայացուցիչ Օզգյուր Օղրեթը։

«Թուրքական իշխանությունները պետք է դադարեցնեն անտեսել Դինքի ընտանիքի փաստաբանների պահանջները՝ իրականացնելով ավելի խորքային հետաքննություն, եթե ցանկանում են հասնել արդարության և բացահայտել սպանության պատվիրատուներին»,-ասել է նա։

Դինքի ընտանիքի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել փետրվարի 7-ի դատավճիռը՝ մատնանշելով «թերի քննության և դատական գործընթացի» խնդիրները։

Դատարանի որոշման համաձայն՝ Մուհարրեմ Դեմիրկալեն դատապարտվել է ցմահ՝ «կանխամտածված սպանության» համար, Բեքիր Յոքուշին տրվել է ցմահ՝ «Սահմանադրության խախտման» համար և 10 տարվա ազատազրկում՝ «կանխամտածված սպանությանը օժանդակելու» համար, Յավուզ Քարաքայան ստացել է 12.5 տարվա ազատազրկում՝ «կանխամտածված սպանությանը օժանդակելու» համար, Ալի Օզը, Գազի Գյունայը և Օքան Շիմշեքը դատապարտվել են ցմահ՝ «Սահմանադրության խախտման» համար և 25 տարի՝ «կանխամտածված սպանության» համար, Մեհմեթ Այհանը, Հասան Դուրմուշօղլուն և Օնուր Քարաքայան դատապարտվել են ցմահ՝ «Սահմանադրության խախտման» համար և 12,5 տարի՝ «կանխամտածված սպանության» համար, Օսման Գյուլբելը ստացել է ցմահ՝ «Սահմանադրության խախտման» համար և 16 տարի 8 ամիս՝ «կանխամտածված սպանության» համար, Վեյսել Շահինը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ «անփութության հետևանքով մարդասպանության» մեղադրանքով։

Բացի այդ, դատարանը արդարացրել է Վոլքան Շահինին, Շյուքրյու Յըլդըզին և Մեհմեթ Ալի Օզքըլընչին, որոնք 2021 թվականին մեղավոր էին ճանաչվել հանցավոր դավադրության մեջ։ Դատարանը նաև որոշում է կայացրել կալանել Բեքիր Յոքուշին, Մեհմեթ Այհանին և Օնուր Քարաքայային, որոնք մինչ դատավճիռը գտնվում էին ազատության մեջ։

Հունվարի 9-ին նույն դատարանը որոշում էր կայացրել սպանության դավադրությանը վերաբերող զուգահեռ դատավարության շրջանակում։ Այդ գործով մեղադրանքներ էին առաջադրվել անձանց, որոնք ենթադրաբար կապ ունեին մի քարոզչի հետ, որի մահից հետո Թուրքիայի կառավարությունը նրան ահաբեկչական կազմակերպության ղեկավար էր համարել։ Դատարանը այդ գործով երկու մեղադրյալի դատապարտել է ցմահ՝ «Սահմանադրական կարգը վերացնելու փորձի» համար, իսկ որոշ մեղադրանքներ հանվել են։

CPJ-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Ստամբուլի գլխավոր դատախազի գրասենյակից, սակայն պատասխան չի ստացել։

Դինքը, որը հիմնադրել էր երկլեզու Agos շաբաթաթերթը, սպանվել էր 2007 թվականին Ստամբուլում՝ բազմաթիվ մահվան սպառնալիքներ ստանալուց հետո։