23 մայիսի 2009 - 17:27 AMT
Իրանը Երեւանին չի կարող առաջարկել այնպիսի բան, որը նրան կստիպի հրաժարվել Թուրքիայի հետ երկխոսությունից
Երեք հարյուրամյակների ընթացքում Կովկասն իրանական-թուրքական-ռուսական եռանկյունում ուժերի չափման յուրօրինակ բարոմետր է հանդիսացել: ԽՍՀՄ փլուզումից եւ անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը դարձավ էթնկական, լեզվական եւ մշակութային առումներով իրեն մոտ Թուրքիայի դաշնակիցը, իսկ Հայաստանը սկզբից դաշինք ստեղծեց Ռուսաստանի, իսկ ավելի ուշ` Իրանի հետ: ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրա կողմնորոշումը դեպի Արեւմուտք եւ ԱՄՆ թույլ չտվեց Թբիլիսիին, ինչպես ցույց տվեցին 2008-ի ամռան դեպքերը, դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Այդ մասին գրում է արաբական AL Ahram թերթը «Կովկասյան եռանկյունի» հոդվածում:
«Մոսկվան ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական բանակցություններին: Նրանց հաջող ավարտը հավասարազոր է Nabucco նախագծի հաջողությանը, ինչը վերջ կտա ցամաքային ճանապարհով Եվրոպային էներգակիրներ տրամադրելու Ռուսաստանի մենատիրությանը: Բացի դրանից, «հայկական արգելքը» հաղթահարելու հետո Թուրքիան Կովկասում ազդեցության աստիճանով առաջ կանցնի իր մրցակիցներից` Ռուսաստանից եւ Իրանից, քանի որ Անկարան լավ հարաբերություններ կհաստատի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ, նույն ժամանակ Մոսկվան եւ Թեհրանը բարեկամական հարաբերություններ ունեն այդ երկրներից միայն մեկի` Հայաստանի հետ»,- գրում է հոդվածի հեղինակը:
Թերթի կարծիքով, Իրանը չի կարող Երեւանին առաջարկել այնպիսի բան, որը նրան կդրդեր հրաժարվել Թուրքիայի հետ երկխոսությունից: «Այդ պետությանը ռազմական եւ տնտեսական օգնություն հատկացնելու տեսանկյունից նա չի կարող մրցել ոչ Մոսկվայի, ոչ Անկարայի հետ: Միակ բանը, որին նա ընդունակ է, այն է, որ Հայաստանին էժան էներգակիրներ տրամադրի Ադրբեջանի դեմ նրա աջակցության փոխարեն: Վերջինս վախենում է, որ Անկարան «կդավաճանի» իրեն Հայաստանի կողմից ԼՂ տարածքները վերադարձնելու հարցում. չէ որ հայ-թուրքական բանակցությունների օրակարգում այդ խնդիրը չի նկատվում»,- ընդգծված է հոդվածում:
«Խաղը, որը Կովկասում վարում են Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, բավական ուսուցողական է միջազգայյին հարաբերություններում ազդեցության համար պայքարի դինամիկան հասկանալու համար: Գլխավոր դասը, որ կարող ենք այստեղից քաղել, այն է, որ երկկողմանի դաշինքների ստեղծման եւ փլուզման հարցերում ազգային շահերը բախվում են գաղափարական, կրոնական եւ էթնիկական պատկերացումների հետ»,- գրում է Al Ahram-ը: