20 փետրվարի 2025 - 10:21 AMT
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք Բաքվի դատական ֆարսի դեմ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, միջազգային հանրությանը հասցեագրած հայտարարության մեջ հայտարարել է, որ որոշել է հացադուլի միջոցով արտահայտել իր բողոքը՝ Բաքվում ընթացող դատական ֆարսի դեմ։ Հայտարարությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։

«Երեկ ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նա նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ փորձել են դատարանին հասանելի դարձնել, որ իր համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, այլ ոչ թե իմիտացիոն:

Վարդանյանը շեշտել է, որ այս գործընթացը սկսվել է բացառապես այն պատճառով, որ ինքը կիրառել է իր՝ միջազգային նորմերով սահմանված, կարծիքի արտահայտման և քաղաքական մասնակցության իրավունքը՝ Արցախի հայության իրավունքները պաշտպանելու նպատակով:

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամ, դատավարությունը ընթանում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

-Իր գործը քննվում է ապօրինի ռազմական, այլ ոչ թե քաղաքացիական դատարանում:

-Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու գործի նյութերին. ադրբեջաներենով գրված 422 հատորից ծանոթանալու համար տրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

-Մեղադրական եզրակացությունը չի համարվում պաշտոնական փաստաթուղթ, քանի որ այն չունի մեղադրողների ստորագրությունը, իսկ թարգմանության մեջ թույլ տրված սխալները խոչընդոտում են մեղադրանքների բովանդակության ըմբռնմանը:

-Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

-Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

-Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»:

Վարդանյանը հայտարարել է, որ այս գործընթացը ուղղված է ոչ միայն իր, այլև բոլոր այն հայերի դեմ, ովքեր աջակցել են Արցախին ու նրա բնակչությանը:

«Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,–նշել է նա:

Նա դիմել է միջազգային հանրությանը, առաջնորդներին, իրավապաշտպաններին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել այս գործընթացին:

«Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»,–ասվում է Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբանՍիրանուշ Սահակյանըորոշ մանրամասներ էր հայտնելՌուբեն Վարդանյանի դատավարությունից,որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղիփաստաբանը։ Նա հայտնել էր, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել:

2024 թվականի դեկտեմբերի վերջին Վարդանյանի գործը փոխանցվել էր Բաքվի ռազմական դատարան։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանցի քննիչները կեղծել են հարցաքննությունների արձանագրությունները և պահանջել էր բաց դատական նիստ՝ միջազգային լրագրողների ու մարդասիրական կազմակերպությունների մասնակցությամբ։

Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հունվարի 27-ին դատարանը հրաժարվել է նրան տեղափոխել տնային կալանքի։