37 տարի առաջ փետրվարի 20–ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը` 1988-ին Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների, որին միացավ ամբողջ հայությունը:
1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: 1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում ընդունեց՝ դիմելով Երևանին և Բաքվին՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերել և միացնել Հայաստանի ԽՍՀ-ին։
Փետրվարի 26-ին արդեն հայտարարվել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Ապրիլի ընթացքում կոմիտեի կազմը կրել է փոփոխություններ, իսկ մայիսի 19-ին Իգոր Մուրադյանը հեռացվել է՝ հանրահավաքի ժամանակ զինված պայքարի կոչ անելու պատճառով։ Նոր ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեն, որ բաղկացած էր 11 անդամից՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան և Դավիթ Վարդանյան։
Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստական դարձավ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ՝ նշելով, որ հիշողությունը մեր ուժն է, առաջ գնալու մեր ուղենիշն է, գործելու մեր կամքն է։
Նա նշել է, որ «մենք հիշում ենք Արցախյան ազգային-ազատագրական պայքարը և այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին»։
«Հիշողությունը մեր ուժն է՝
▪️դիմակայելու վերահաս վտանգներին,
▪️վերանորոգվելու կորուստների ցավից,
▪️խուսափելու անցյալի սխալներից,
▪️վերարժևորելու ներկան,
▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,
▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:
Հիշողությունն առաջ գնալու մեր ուղենիշն է.
▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:
Հիշողությունը գործելու մեր կամքն է՝
▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,
▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,
▪️թոթափելու անտարբերությունը,
▪️հաղթահարելու վախերը,
▪️չկորցնելու զգոնությունը,
▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,
▪️կրկին հասնելու հաղթանակի:
Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։ Մենք հիշում ենք»,–ասվում է ՀՀ երրորդ նախագահի ուղերձում։