Փետրվարի 21–ին հարձակման է ենթարկվել Գյումրիի շտապօգնության կայանի բուժակ Մհեր Քալոյանը։ Դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ազատան համայնքում։ Այս մասին հայտնել է Հանրապետական Շտապօգնության ծառայության Շիրակի մարզային կայանի տնօրեն Կարեն Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Նրա խոսքով՝ շտապօգնության խումբը ժամանակին է հասել կանչի վայր։
Մհեր Քալոյանը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից հայտնել են, որ նրա մոտ ախտորոշվել է քթի բեկորային կոտրվածք, որը ուղեկցվել է արյունահոսությամբ։ Բուժաշխատողը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, և նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Շտապօգնության աշխատակցի նկատմամբ կիրառված բռնության գործով մեկ անձ ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, գրում է Factor.am-ը։
«Փետրվարի 21-ին ժամը 06:40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։
Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05:10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավայրի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին»,- նշել է Սարգսյանը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն։ Միջադեպի հետևանքով կա մեկ տուժող, իսկ նախաքննությունը շարունակվում է։
ԵՊԲՀ ռեկտորը խիստ դատապարտել է բուժաշխատողի նկատմամբ կիրառված բռնությունը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը անդրադարձել է բուժաշխատողի նկատմամբ կիրառված բռնությանը՝ նշելով, որ նման դեպքերը հակասում են մեր հասարակության արժեքներին։
«․․․Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բուժաշխատողի նկատմամբ․․․
Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը»,–գրել է նա։
Մուրադյանը շեշտել է, որ նման երևույթները խաթարում են բժշկի և հանրության միջև փոխադարձ վստահությունը՝ կոչ անելով խստագույնս դատապարտել նման վարքագիծը։