Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է զրպարտություն ճանաչել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Փաստինֆո» լրատվական կայքի անունից իմ կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Երեմ Եսոյանի վճիռը, որով բավարարվել էր «Փաստինֆոյի» հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն համարելու վերաբերյալ հայցադիմումը»,– գրել է նա։
Փաստաբանի խոսքով՝ խոսքը վերաբերում է այն հոդվածին, որով լրատվամիջոցը իր հետաքննության արդյունքում եզրակացրել էր, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումն՝ որպես քաղաքապետի տեղակալ և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, եղել է ապօրինի։
«Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրինակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածու լինելու հետ։ Վերաքննիչ դատարանը այս տեսանկյունից նշել է` հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»,– ընդգծել է Հակոբյանը։
Վերաքննիչ դատարանը նաև հաստատել է, որ «Փաստինֆո»-ի կողմից հնչեցված արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ, որոնք վերաբերել են քաղաքապետի թեկնածուի վարքագծին։
Ըստ փաստաբանի՝ դատարանը արձանագրել է, որ պատասխանող կողմը նույնիսկ փորձել է ապացուցել, որ «Փաստինֆոն» նպատակ չի ունեցել նսեմացնել Տիգրան Ավինյանի արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վերաքննիչ դատարանը շեշտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը, ինչի պատճառով չի կարող վճիռը պարզապես բեկանել կամ փոփոխել, այլ պետք է այն ամբողջությամբ վերադարձնի նոր քննության։
2023 թվականին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե։ Այս վարույթը սկսվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից 2022 թվականի դեկտեմբերին, քանի որ Տիգրան Ավինյանը, 2022 թվականի սեպտեմբերի 23-ին ընտրվելով Երևանի փոխքաղաքապետ, շարունակել էր զբաղեցնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։