Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով երկար տարիներ այդ դերում գործող Րաֆֆի Համբարյանին, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Աղջայանը, խոսելով իր նոր պաշտոնի մասին, ընդգծել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերը հայ ժողովրդի համար այսքան կարևոր ժամանակահատվածում: Մեր աշխատանքն առավել քան երբևէ կենսական է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արցախահայության իրավունքների, պայքարում ենք Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու կենսունակությունն ապահովելու համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միշտ եղել է ամերիկահայության ամենաարդյունավետ ձայնը ԱՄՆ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, և ես անհամբեր սպասում եմ աշխատելու մեր տեղական մասնաճյուղերի, համայնքային ակտիվիստների և նվիրված ղեկավար թիմի հետ՝ ընդլայնելու մեր ազդեցությունը և առաջ մղելու մեր ընդհանուր գործը»։
Րաֆֆի Համբարյանը, իր հերթին, անդրադառնալով Աղջայանի այս նոր պարտականություններին, նշել է․ «Հայ դատի հանձնախմբի նախագահ ծառայելն իմ կյանքի մեծագույն պատիվներից մեկն է եղել։ Մեր աշխատանքը միայն քաղաքականությունը չէ, այն հայ ժողովրդի գոյատևման և արժանապատվության աշխատանք է: Ջորջն իր կյանքով մեկ Հայ դատի պաշտպան է՝ մեր գործին խորը նվիրվածությամբ, և ես գիտեմ, որ նա առաջնորդելու է եռանդուն նպատակասլացությամբ և հաստատակամությամբ»։