22 փետրվարի 2025 - 10:54 AMT
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմում ՀԱԵ ունեցվածքի բռնագրավման փորձը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը՝ նշելով, որ այդ քայլը ոտնահարում է կրոնական ազատությունը և վտանգի տակ դնում քրիստոնեական համայնքները։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլայն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ նման գործողությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, հայտնում է Արմենպրեսը։

«Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում», – ասված է հայտարարության մեջ։

Փիլայը նշել է, որ Հայոց պատրիարքարանը դարեր շարունակ քրիստոնեական մյուս հաստատությունների կողքին պահպանել է Սուրբ Երկրի ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի և արդարության խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ պատրիարքարանի դեմ ձեռնարկվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական անարդարություն են, այլև վտանգավոր նախադեպ, որն սպառնում է Երուսաղեմի քրիստոնեական համայնքներին։

«Այս անխոհեմ գործողությունը քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման լայնածավալ գործողությունների մի մասն է, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է», - նշել է Փիլայը։

Խորհուրդը կոչ է արել Իսրայելի իշխանություններին անհապաղ դադարեցնել այս գործընթացը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը նաև միջազգային հանրությանը, կրոնական և քաղաքական առաջնորդներին հորդորել է վճռական քայլեր ձեռնարկել՝ քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Սուրբ Երկիրը խաղաղության և համակեցության վայր պահելու համար։

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը զգուշացրել է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են ապօրինի ձևով խլել Հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի քաղաքապետարանը նախատեսում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ հիմնավորելով դա 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերով։