Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում ներկայումս ունի 4 միջպետական գանգատ, որոնցից վերջինի շրջանակում ներառվել են Արցախի նախկին ղեկավարության իրավունքների խախտման հարցը։ Այդ գանգատը բազմակողմանի է և ներառում է ոչ միայն գերիների խնդիրը, այլև ունեզրկման, հայրենիք վերադարձի և մի շարք այլ իրավական հարցեր։ Այդ մասին հայտնել է ՄԻԵԴ–ում հայ գերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշել է, որ Հայաստանը չի ներկայացրել առանձին՝ հինգերորդ գանգատ, որը բացառապես կվերաբերվեր ութ անձի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, իրավունքների խախտումներին։ Նման քայլը թույլ կտար արագացնել նրանց հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշման ընդունումը, սակայն քաղաքական նկատառումներով Հայաստանը խուսափել է այս տարբերակից։
Սահակյանը նշել է, որ այս որոշումը, ըստ մասնագետների, Ադրբեջանին հնարավորություն է տալիս օգտագործել դատական գործընթացների ձգձգումը քաղաքական սակարկումների համար։
Բաքվում պահվող երկու անձանց հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման աշխատանքային խմբին դիմել են նրանց ընտանիքները՝ այդ թվում Ռուբեն Վարդանյանի հարազատները։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։
ՎարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։