22 փետրվարի 2025 - 13:13 AMT
ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման հարցը քննարկվել է Թեհրանում

Աշխատանքային այցով Իրանում գտնվող Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մասնակցել է «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին, հանդիպել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը։

Այնուհետև Էդգար Զաքարյանը և դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել են «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ելույթ են ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։