24 փետրվարի 2025 - 10:58 AMT
Ձյան և բքի պատճառով ՀՀ–ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Վատ եղանակային պայմանները դժվարություններ են ստեղծել Հայաստանի մի շարք ճանապարհահատվածներում, որտեղ առկա են փակ և դժվարանցանելի հատվածներ:

Փետրվարի 24-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Սաստիկ բքի հետևանքով Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, ինչպես նաև Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներy շարունակում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները ճանապարհներին։

Առաջիկա օրերին սպասվում է հիմնականում առանց տեղումների, սակայն ցուրտ և քամոտ եղանակ։

Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և 28-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, սակայն փետրվարի 24-ին և 26-ին այն կուժգնանա՝ հասնելով 15-18 մ/վ, իսկ փետրվարի 25-ին՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը նվազել է 6-9 աստիճանով։

Երևանում փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը և 28-ին տեղումներ չեն կանխատեսվում։

Մայրաքաղաքում ջերմաստիճանը ցերեկը կլինի -1․․․ -3 աստիճան, իսկ երեկոյան կնվազի՝ հասնելով -6․․․ -8 աստիճանի։

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար, հայտնում է փրկարար ծառայությունը։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար», - նշված է հաղորդագրության մեջ։