24 փետրվարի 2025 - 18:52 AMT
Միրզոյանը՝ Ժնևում․ Ադրբեջանում կեղծ դատավարություն է ընթանում 23 հայ անձանց նկատմամբ

ՀՀ գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկման ընթացքում, նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները շարունակում են հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Չնայած 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ադրբեջանը շարունակում է վարել քաղաքականություն, որը հակասում է այդ պայմանավորվածություններին։ Նախարարը շեշտել է, որ անցած տարվա իր ելույթում անդրադարձած մարտահրավերներից շատերն առ այսօր մնում են չլուծված՝ չնայած գործադրված մեծ ջանքերին։

Արարատ Միրզոյանը խոսել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի կողմից իրականացվող դատավարությունների մասին՝ դրանք որակելով որպես կեղծ։

«Այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները»,- ասել է նախարարը։

Միրզոյանն նշել է, որ մեկ տարի առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը ներկայացրել է այս խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։

«Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»,- ասել է նախարարը։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել բռնի տեղահանության, զինված հակամարտությունների և մարդու հիմնարար իրավունքների խախտումների հետևանքներին, ավելի քան երբևէ կարևորվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդման հրատապությունը։

«Ոճրագործությունների և կոպիտ խախտումների մասշտաբն ու ծանրությունը, ինչպես նաև արդյունավետ կերպով կանխելու և պատասխանատվություն ապահովելու մեր հավաքական անկարողությունը վտանգի տակ են դնում այն հիմնարար արժեքների ամբողջությունը, որոնց հիման վրա ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա մարդու իրավունքների համակարգը, հիմնարար նորմերը, որոնց բոլորս և յուրաքանչյուրս համաձայնել ենք առանց վերապահումների։ Այս պայմաններում մարդու իրավունքների համակարգի դերը և տեսանելիությունը կտրուկ աճել են։ Ավելի ու ավելի շատ մարդիկ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր համագործակցում են Մարդու իրավունքների խորհրդի հետ, հղում են կատարում Հատուկ ընթացակարգերին և պայմանագրային մարմինների մեխանիզմներին։ Սա վկայում է, որ մարդու իրավունքների հենասյունը շարունակում է մնալ հույսի և արդարության ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդկանց, մեր քաղաքացիների համար»,- իր ելույթում հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։