Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկման ընթացքում իր ելույթում շնորհավորել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Յուրգ Լաուբերին և խորհրդի բյուրոյի անդամներին՝ ընտրվելու կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու նրանց առաքելությանը։
Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհը շարունակում է բախվել ծանր հակամարտությունների, բռնի տեղահանությունների և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների հետևանքներին, ինչի պայմաններում ավելի հրատապ է դառնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնասյան ամրապնդումը։
Միրզոյանը նշել է, որ հանցագործությունների և խախտումների ծավալն ու լրջությունը, ինչպես նաև դրանց կանխարգելման ու պատասխանատվության ապահովման հարցում հավաքական անարդյունավետությունը սպառնալիք են ստեղծում այն հիմնարար արժեքների համար, որոնց վրա հիմնված են ՄԱԿ-ը և մարդու իրավունքների միջազգային համակարգը։ Նրա խոսքով, այս պայմաններում մարդու իրավունքների համակարգի դերը զգալիորեն աճել է, և ավելի շատ շահագրգիռ կողմեր, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, համագործակցում են Մարդու իրավունքների խորհրդի հետ։
«ՀՀ–ն, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց”,–ասել է նա։
Արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Հայաստանը, նույնիսկ բարդ իրավիճակներում, շարունակում է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, ապահովել դատական անկախությունը և պայքարել կոռուպցիայի դեմ՝ ավելի արդար հասարակություն կառուցելու նպատակով։ Նա հիշեցրել է, որ երկիրը վերջերս ստեղծել է միջազգային հաշվետվողականության ազգային մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերը համակարգելու համար։
Միրզոյանը նաև անդրադարձել է Հայաստանում կազմակերպված միջազգային նախաձեռնություններին, այդ թվում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին և Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը, որոնց շրջանակում քննարկվել են ցեղասպանությունների կանխարգելման և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նա նշել է, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը դեռևս լուծված չէ, չնայած գործադրված ջանքերին։