25 փետրվարի 2025 - 12:20 AMT
Սիմոնյանը՝ ԵԽ պատգամավորներին. ԼՂ-ում միջազգային իրավունքը պարտվեց

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր իրենց զեկույցներում և ելույթներում խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմը, Ադրբեջանի տարածքում պահվող գերիների առկայությունը և այլ կարևոր խնդիրներ։ Նա նաև հայտարարել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց։

Սիմոնյանն այդ մասին ասել է Երևանում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կամրապնդվի, քանի որ առկա է ինչպես քաղաքական վճռականություն, այնպես էլ հանրային պահանջ։

«Կցանկանայի ի դեմս ձեզ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի այն պատգամավորներին, որոնք այս տարիներին հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, հարյուր հազարից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը:

Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»,-ասել է Սիմոնյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։