25 փետրվարի 2025 - 13:03 AMT
Ռուբեն Մխիթարյան․ Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական շրջանում

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը մտադիր է մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, հայտարարել է, որ Hayat project խմբի ռեսուրսը չի օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։ Պնդում եմ։ Որ Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ համերգին հազարավոր մարդիկ են գալու, փաստ է, բայց դա չի լինելու քարոզարշավի ընթացքում»,- ասել է Մխիթարյանն Irakanum. am–ին։

«Hayat project-ը «Ես քո Արցախն եմ, դու՝ իմ Հայաստանը» երգից հետո այլևս բիզնես պրոեկտ չէ, ամբողջ հայ ժողովրդին է, բոլորինն է»,- ասել է խմբի հիմնադիրը։

Մխիթարյանը նաև կոչ է արել շոու բիզնեսի ներկայացուցիչներին խուսափել իշխանության քարոզարշավին մասնակցելուց՝ օրվա հացը վաստակելու պատճառաբանությամբ։

«Հավատացեք, էդ մի օրվա հացը բացարձակապես ձեզ չի փրկելու։ Իսկ այն մարդիկ, որ այնուհանդերձ որոշելու են, որ պիտի գան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելու ու սատարելու, ինձ համար համարվելու են ՔՊ-ի գաղափարակից մարդիկ և պետք է պատրաստ լինեն, որ նույնաչափ կրելու են քննադատությունների հետևանքները»,- ասել է Ռուբեն Մխիթարյանը։

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են մարտի 30–ին։

Հոկտեմբերին Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, վայր դրեցին իրենց մանդատները։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։