27 փետրվարի 2025 - 10:22 AMT
Փաստաբան. Վարդանյանի առողջությունը վտանգված է՝ Փաշինյանին կոչ է արվում դատապարտել ցուցադրական դատը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը տեղեկացրել է, որ, չնայած Վարդանյանի առողջական վիճակի զգալի վատթարացմանը հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը շարունակում է նրան հարկադրել մասնակցել դատական գործընթացին։ Այդ մասին ասվում է փաստաբանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Վարդանյանի ֆեյսբուքյան էջում։

«Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկ շաբաթ առաջ դիմել է համարձակ քայլի՝ հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի Ադրբեջանում իր և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական ցուցադրական դատավարության։

Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին՝ մոտ 500 օր կամայական կալանքի տակ գտնվելուց հետո։ Նրան ոչ միայն սպառնում է ցմահ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքների համար, այլև կոպտորեն խախտվել են նրա դատավարական իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ։

Փաստաբանի խոսքով՝ Վարդանյանի դատավարությունը շարունակվել է, չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և նիստի հետաձգման պահանջներին։

Նա ընդգծել է, որ Վարդանյանի զարկերակային ճնշումը չափազանց բարձր է եղել, ինչն անհրաժեշտություն է ստեղծել բժշկական միջամտության համար։ Այս ընթացքում ունեցել է վեց կիլոգրամ քաշի կորուստ։ Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։

«Չնայած առողջական լուրջ խնդիրներին, նրան, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել: Հաշվի առնելով Ռուբենի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Այդ բժիշկը, սակայն, իր դիտարկումները հայտնել է դատարանին միայն մասնավոր կերպով, այլ ոչ թե պաշտոնապես լսումների ժամանակ, ինչն էլ լուրջ հարցեր է առաջացրել եզրակացությունների իրական լինելու վերաբերյալ: Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Ռուբենի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է։

Նելսոն Մանդելայի կանոնների 27-րդ կետի համաձայն՝ «կալանքի [բոլոր] վայրերը հրատապ դեպքերում պետք է ապահովեն բժշկական օգնության արագ հասանելիություն»։ Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ»,–ասվում է հայտարարության մեջ։

Գենսերը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միջամտել՝ ապահովելու Վարդանյանի նկատմամբ անհրաժեշտ բժշկական հսկողությունը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան անկախ բժիշկներին այցելել Վարդանյանին, ինչպես նաև հետաձգեն դատավարությունը մինչև հացադուլի ավարտը։

«Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,–ասվում է Գենսերի հայտարարության մեջ։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, միջազգային հանրությանը հասցեագրած հայտարարության մեջ հայտարարել է, որ որոշել է հացադուլի միջոցով արտահայտել իր բողոքը՝ Բաքվում ընթացող դատական ֆարսի դեմ։

Վարդանյանը շեշտել է, որ այս գործընթացը սկսվել է բացառապես այն պատճառով, որ ինքը կիրառել է իր՝ միջազգային նորմերով սահմանված, կարծիքի արտահայտման և քաղաքական մասնակցության իրավունքը՝ Արցախի հայության իրավունքները պաշտպանելու նպատակով: