Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի 12-րդ խմբագրությունը, ինչը, ըստ նրա, վկայում է, որ բանակցային գործընթացը փակուղում չէ։ Այդ մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո։
Նա հայտարարել է, որ հայկական կողմն ունի առաջարկ, որը ընդունելի է ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդների համար, հայտնում է Factor.am-ը։
«Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ Տեղյակ եք, որ սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում։ Մենք հարցի լուծում ենք առաջարկել, և մենք հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը, իսկ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի։ Օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր չկան»,-ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի լռությանը ՀՀ-ի կողմից արված սպառազինության վերահսկման և կապուղիների ապաշրջափակման առաջարկներին։
Վարչապետի խոսքով՝ առաջարկները վերաբերում են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը նախատեսում է տրանսպորտային կապի վերականգնում Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ ՀՀ ինքնիշխան տարածքով, ինչպես նաև Երասխից մինչև Մեղրի երկաթուղային ճանապարհի գործարկում։ Ըստ Փաշինյանի՝ երկու երկրները կկարողանան այս ուղին օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար։
Նա անդրադարձել է նաև իր ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե բեռնափոխադրումները կիրականացվեն պարզեցված ընթացակարգով։
«Ադրբեջանը հիմա Իրանի տարածքով ունի կապ Նախիջևանի հետ, և այդ հաղորդակցությունը խոչընդոտված չէ, ոչ մեկ չի ասում, որ խոչընդոտված է։ Մենք ասում ենք նույն պայմանները Իրանի կողմից առաջարկված, մենք նույնպես պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Ինչու ենք պատրաստ պարզեցումների, որովհետև նույն սկզբունքով մենք խնդիր ունենք Երասխից Մեղրի երկաթուղային հաղորդակցություն ապահովել»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սպասում են Բաքվից պաշտոնական արձագանքի։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ներկայացրած առաջարկն արտացոլում է կողմերի մտահոգությունները և կարող է լուծել գոյություն ունեցող խնդիրները։
«Մենք այս տարիների ընթացքում բանակցությունների մեջ ենք եղել, Ադրբեջանի ինչ-որ մտահոգություններ չեն փարատվել այդ պահին եղած առաջարկով։ Մենք մեր բանակցային պատմությունը վերլուծել ենք և ասել ենք՝ կարող է այս թնջուկը ինչ-որ մի մոտեցում կա, որ լուծում է մեր բոլորի բարձրացված հարցերը, և գտել ենք այդպիսի բանաձև։ Ես ինչո՞ւ այդ առաջարկները չեմ հրապարակում, որովհետև՝ այդ թվում Հայաստանի ժողովրդի համար, այդ թվում Ադրբեջանի ժողովրդի համար մեր առաջարկությունը կլինի ընդունելի հարյուր տոկոսով։ Ես չեմ հրապարակում, որ լարվածություն չլինի, որ մենք առանց Ադրբեջանի արձագանքի հրապարակել ենք»,- ասել է նա
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը, որոնք վերաբերում են սահմանների երկայնքով 3-րդ երկրների ուժերի տեղակայմանը և միջազգային ատյաններում իրավական վեճերին, հայտնում է 1lurer.am-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։