ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը, հայտարարել է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։
«Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին»,- հայտնել են ՄԻՊ-ի գրասենյակից, գրում է Արմենպրեսը։
Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ պաշտպանության աշխատակազմում իրականացվել և շարունակվում են իրականացվել համապատասխան գործողություններ՝ ՄԻՊ լիազորությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խնդրի նրբությունը, Պաշտպանի գրասենյակը որոշել է որոշ մանրամասներ չհրապարակել՝ «չվնասելու սկզբունքը» պահպանելու համար։
ՄԻՊ-ը հայտարարել է, որ այս բոլոր խնդիրները շարունակում է հասցեագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մանդատ ունեցող միջազգային կառույցներին՝ ընդգծելով, որ բոլոր դերակատարները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն։
«Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ»,- եզրափակել են ՄԻՊ-ի գրասենյակից։
Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում նրա ինքնազգցողությունը կտրուկ վատացել էր։
Նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն հայտարարել էր, որ Վարդանյանի առողջական վիճակը լրջորեն վտանգված է։ Նա կոչ է արել աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»։
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել պայքարել Բաքվում ընթացող շինծու դատավարությունների դեմ, որոնք ուղղված են ոչ միայն իր հոր, այլև մյուս հայ գերիների դեմ։