Կառավարությունն ընդունել է 2021-2026 թթ. ծրագրի 2024-ի կատարման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ զեկույցը, որը ներկայացվելու է Ազգային ժողով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2024-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է ավելի քան 10,1 տրլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5․9%-ով, հայտնում է Aysor.am–ը։
Անդրադառնալով գնաճին՝ նա ասել է, որ Հայաստանում 2018-ից ի վեր գնաճը կազմել է 25,3%, իսկ 2023-ի համեմատ՝ 0․3%։
«Գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է»,- նշել է վարչապետը։
«2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը։ 2021 թվականին ապահովվել է 5․8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12․6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին՝ 8․3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը ապահովված է»,- ասաց նա։
Փաշինյանը նշել է, որ 2018-2024 թթ. Հայաստանի տնտեսությունը ընդհանուր առմամբ 43․5% աճ է գրանցել։
«Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6․1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել»,- ասել է նա։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործադիրի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար։
«Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա»,- հավելեց նա։