27 փետրվարի 2025 - 14:03 AMT
Փաշինյան․ Կառավարման համակարգը պետք է հընթացս գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստում ներկայացրել է նախագիծ, որն ուղղված է կրիպտոարժույթի ոլորտի կարգավորմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա առաջին փորձն է՝ ուղղված այս ոլորտի կանոնակարգմանը։ Նա հավելել է, որ պետական կառավարման համակարգը պետք է հընթացս գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին, հայտնում է Radar.am-ը։

«Մենք այդպիսի կարգավորում չենք ունեցել։ Այս կարգավորումը չի լինելու կատարյալ։ Եվ մենք այսքան տարի այդ կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով, որ չի լինելու կատարյալ և փորձելով մի փոքր էլ աշխատել, որպեսզի այն դառնա կատարյալ։ Այն չի դարձել կատարյալ և չի դառնալու կատարյալ, բայց մենք պետք է գնանք ոլորտը կարգավորելու ճանապարհով։

Պետք է ուղիղ ասել, որ այստեղ խնդիրը հետևյալն է՝ պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին, որովհետև գիտելիք չունի առնվազն համակարգված կրիպտոարժույթների մասին, որովհետև մենք չենք առնչվում այդ թեմային՝ առնչվում ենք պատահաբար, տարբեր իրադրություններով»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ առանց հստակ կանոնների տեխնոլոգիական զարգացում հնարավոր չէ։

«Աշխարհում նման տեղ չկա, որ տեխնոլոգիաները թափ ստանան առանց կարգավորումների։ Մենակ մեր երկրում կարող է լինել, որ մայթով գնաս, տեսնես՝ արկղ է դրած, վրան գրած՝ կրիպտոարժույթ»,- հայտարարել է նա, հայտնում է Radar.am-ը։

Փաշինյանը զարմանք է հայտնել, որ տարիներ շարունակ նման իրավիճակը հանդուրժվել է՝ առանց որևէ հստակ մեխանիզմ մշակելու։

«Ո՞նց, էլի, ո՞նց, տենց երկիր կա՞, որ տեխնոլոգիա զարգանա առանց կարգավորման։ Կարգավորման բացակայությունն ամենամեծ խոչընդոտն է ցանկացած տեխնոլոգիայի զարգացման համար։ Ես կարծում եմ՝ մարդիկ ուրիշ տեղ իմանան, որ մեր երկրում, երկրի մայրաքաղաքում տեղեր կան, որ փողոցով քայլելով գնում ես, մեկ էլ՝ մի հատ պատուհան է, նայում ես, ասում ես՝ կրիպտոարժույթ ունե՞ս, մի 4 հատ տվեք... ու մենք էս պայմաններում նայել, նայել, նայել ենք»,- ասել է նա։