27 փետրվարի 2025 - 14:25 AMT
ՀԲԸՄ–ն և մյուս հայկական կառույցները Վարդանյանի հարցով դիմել են միջազգային հանրությանը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մի շարք այլ կազմակերպությունների հետ ստորագրել է համատեղ դիմում՝ կոչ անելով դադարեցնել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները։

Կառույցները միջազգային հանրությանը հորդորում են վճռական դիրքորոշում ցուցաբերել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելով արդարադատությունը, մարդկային արժանապատվությունն ու օրենքի գերակայությունը։

Հատկապես շեշտվում է հետևյալ պահանջների անհապաղ իրականացումը․

  • Արդարություն Բաքվում անօրինաբար պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար։
  • Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննություն։
  • Դատավարական գործընթացների թափանցիկություն և հաշվետվողականություն՝ ապահովելով միջազգային դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիություն։
  • Հրատապ գործողություններ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցնելու ուղղությամբ։

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Վարդանյանը մոտ 18 ամիս է, ինչ գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ վերջերս հացադուլ է հայտարարել՝ միջազգային միջամտության անհրաժեշտությունը ընդգծելու նպատակով։ 2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ընթացքում նա հայտնել է դատավարական խախտումների, անազատության մեջ դաժան վերաբերմունքի, գործի կեղծված նյութերը ստորագրել ստիպելու և պաշտպանություն նախապատրաստելու իրավունքից զրկվելու մասին։

Կազմակերպությունները նշում են, որ Վարդանյանի նախորդ դիմումները միջազգային կառույցներին և լրատվամիջոցներին անպատասխան են մնացել, ինչը միայն խորացրել է խնդիրը։

«Նրա ներկայիս հացադուլը ոչ միայն բողոք է, այլև ահեղ նախազգուշացում. հետագա լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վիճակը»,- շեշտում են կառույցները։

Դիմում-կոչը ստորագրել են ՀԲԸՄ-ը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Աֆեյան», «Արբանե» համահայկական ծրագրերը, «Ազնավուր», Հ․ Հովնանյան ընտանիքի, «Թուֆենկյան» հիմնադրամները, «Օրրան», «Դասավանդի՛ր, Հայաստան», Իրավական պաշտպանության հայկական ճակատ և «Մենք ենք, մեր սարերը» կազմակերպությունները։

Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում նրա ինքնազգցողությունը կտրուկ վատացել էր։

Նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն հայտարարել էր, որ Վարդանյանի առողջական վիճակը լրջորեն վտանգված է։ Նա կոչ է արել աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»։

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել պայքարել Բաքվում ընթացող շինծու դատավարությունների դեմ, որոնք ուղղված են ոչ միայն իր հոր, այլև մյուս հայ գերիների դեմ։