ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրից դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ հայ գերիների հարցով, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Այս մասին նա խոսել է կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
«Դա ցույց է տալիս այդ պետության և կոնկրետ պաշտոնյաների վերաբերմունքը մարդու իրավունքների խնդիրներին։ Ի սկզբանե շեշտել եմ, որ սրանք հումանիտար և մարդու իրավունքների վերաբերելի հարցեր են, և կարելի է իրականացնել ապաքաղաքական հաղորդակցություն։ Եվ այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելն այս խնդիրներին ես մարդու իրավունքներով զբաղվող կառույցների տեսանկյունից ճիշտ չեմ համարում», – ասել է Մանասյանը, գրում է Sputnik Արմենիան։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաքվի բանտերում հայ ռազմագերիներն ու Արցախի նախկին ղեկավարության ներկայացուցիչները ենթարկվում են խոշտանգումների, հայտնում է Panorama.am-ը։
«Իհարկե, Բաքվի բերդերում խոշտանգում են մարդկանց։ Եթե նայեք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում նրանց դիմագծերին, կտեսնեք, որ մենք գործ ունենք Բաքվի բերդերում խոշտանգումների հետ», – հայտարարել է Քոչարյանը։
Նրա համոզմամբ, նման իրավիճակներում կարևոր է միջազգային հանրության պատշաճ արձագանքը, որը կարող է կանխել խոշտանգումները։
«Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում։ Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ-որ պահի քո դեմ:
Բա պիտի այդ դատավարությունն օգտագործվի Հայաստանի դեմ: Պետք էր չգերեվարվեին, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար», – ընդգծել է Քոչարյանը։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կազմակերպված դատավարությունը։ Մեղադրյալների շարքում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլ անձինք։
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած նրա խնդրանքին՝ գործի նյութերը միավորելու մյուսների հետ, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին։ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, քանի որ նա փետրվարի 19-ից ադրբեջանական բանտում հացադուլ է սկսել։