Երևանում պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար» ծրագիրը, որն ուղղված է հայկական բրենդիի միջազգային ճանաչմանը և պաշտպանությանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Էքսպերտիզ Ֆրանսի կողմից՝ Դի Էմ Այ Ասոշիեյթսի հետ համատեղ՝ համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պարտավորությունների, հայտնում է Արմենպրեսը։
Ծրագրի նպատակն է հիմնել հայկական բրենդին որպես աշխարհագրական նշում, որն ապահովելու է դրա ավանդական համբավը, ճանաչելիությունը և որակի վերահսկումը։
Բացման միջոցառմանը ներկա են եղել պետական կառույցների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, արտադրողներ և միջազգային գործընկերներ, որոնք քննարկել են ծրագրի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։
Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի քննարկելու աշխարհագրական նշումների պաշտպանության և խթանման միջազգային լավագույն փորձերը, ինչպես նաև կապեր հաստատելու ոլորտի շահագրգիռ կողմերի միջև։
Ծրագրի հիմնական շահառուներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ մտավոր սեփականության գրասենյակը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Ծրագրի բյուջեն կազմում է 2 միլիոն 845 հազար եվրո։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է հայկական արտադրական կարևորագույն ոլորտներից մեկի զարգացմանը։
«Հայկական բրենդին լոկ միայն ապրանք չէ Հայաստանի համար, այն խորհրդանիշն է մեր պատմամշակութային ժառանգության, արհեստագործության և տնտեսական ուժի։ Տասնամյակներ շարունակ հայկական բրենդին լայն ճանաչում է ունեցել ու վայելել է բարձր գնահատում միջազգային շուկաներում։ Այսօր բրենդիի արտադրությունը մեր գյուղատնտեսության և արտահանման մեջ զգալի դեր ունի՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր արտադրական ամբողջ շղթայում՝ խաղող աճեցնողներից մինչև արտադրողներ և արտահանողներ։
Համաշխարհային շուկայում Հայաստանի մրցակցային դիրքերը պահպանելու և զարգացնելու համար մենք պետք է ապահովենք հայկական բրենդիի ճանաչելիությունը և պաշտպանվածությունը միջազգայնորեն ճանաչված աշխարհագրական նշման համակարգի շրջանակում», – ասել է փոխնախարարը։
Սիրականյանն ընդգծել է, որ այս գործընթացը թույլ կտա պահպանել հայկական արտադրանքի ինքնատիպությունն ու կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ թե՛ արտադրողների, թե՛ խաղողագործության ոլորտի համար։
«Հիմնական բաղադրիչներից մեկը հայկական բրենդիի ամբողջականության ապահովման գործում խաղողի արտադրության, աճեցման լիարժեք իրականացումն է։ Ստույգությամբ փաստաթղթավորելով խաղողի տվյալները՝ կարող ենք երաշխավորել, որ միայն կոնկրետ ռեգիոններում և հատուկ պայմաններում աճեցված խաղողի տեսակներն են օգտագործվում հայկական բրենդիի արտադրության համար։ Խաղողագործության ռեգիստրը հիմք կծառայի որակի ապահովման և բարձրացման, ինչպես նաև միջազգային մակարդակում սպառողների վստահությունը շահելու համար», – ասել է նա։
Փոխնախարարը նաև նշել է, որ ծրագրի շրջանակում Հայաստանը կձևավորի իրավական, տեխնիկական և ինստիտուցիոնալ դաշտ, որը կապահովի հայկական բրենդիի համապատասխանությունը միջազգային բարձրագույն չափանիշներին։
«Դա ոչ միայն թույլ կտա պաշտպանել հայկական բրենդին չարաշահումից, սխալ օգտագործումից, այլև կբարձրացնի դրա արժեքավորությունն ու հեղինակությունն ամբողջ աշխարհում։ Կարևոր է հիշել, որ այս նախաձեռնությունը ոչ միայն նպատակ ունի իրավական դաշտը բարելավել, այլև ամբողջականորեն վերափոխել արտադրության բոլոր փուլերը՝ ներառյալ սպառողների հետ հարաբերվելը։
Մենք լուրջ համագործակցություն ունենք միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության պատվիրակության հետ։ ՀՀ-ի ու ԵՄ-ի թիմերը լիարժեք նվիրումով ապահովում են ծրագրի հաջողությունը։ Բոլորս հետամուտ ենք նույն նպատակին, որպեսզի հայկական բրենդին լայն ճանաչում և մրցունակություն վայելի միջազգային շուկաներում», – ասել է Սիրականյանը։
Նա ընդգծել է, որ ծրագրի նպատակներին հասնելը պահանջում է երկարատև գործընթաց, զգուշավոր կառավարում և բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցություն։
«Մենք կշարունակենք ծրագրի տեխնիկական առաջարկներով շարժվել առաջ, թեև հայկական բրենդիի համար աշխարհագրական նշում ստեղծելը զուտ տեխնիկական գործընթաց չէ, այլ ռազմավարական որոշում է, որը կպայմանավորի մեր արտադրական արժեքավոր ոլորտներից մեկի ապագան։ Հույս ունենք, որ ծրագրի իրագործումը հիմք կհարթի ավելի ուժեղ, ավելի մրցունակ և միջազգայնորեն հարգված հայկական բրենդիի համար», – եզրափակել է փոխնախարարը։