25 մայիսի 2009 - 17:45 AMT
ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել ՌԴ-ից ժամանած մի խումբ հայ գիտնականների հետ
Մայիսի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած մի խումբ հայ անվանի գիտնականների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության եւ գիտության զարգացման, գիտատար արտադրության զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը խրախուսել է Լեռնային Ղարաբաղում ժամանկակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համալիր ծրագիրը, որի շրջանակներում Արցախի համալսարանում անցկացվելու են համապատասխան միջոցառումներ: Երկրի ղեկավարը կարեւորել է գիտակրթական ոլորտում սփյուռքի հետ փոխգործակցության շարունակական ամրապնդումը` այն համարելով Արցախի զարգացման հուսալի գրավական: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: