27 փետրվարի 2025 - 18:32 AMT
DOXA-ի համահիմնադիր Արմեն Արամյանը ՌԴ–ում հեռակա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

DOXA-ի համահիմնադիր Արմեն Արամյանը հեռակա դատապարտվել է 10 տարի և 1 ամիս ազատազրկման՝ ահաբեկչության արդարացման և ռազմական «կեղծ տեղեկությունների» տարածման գործով։ Այդ մասին դատարանի նիստերի դահլիճից հայտնել է «Մեդիազոնան»։

Մեղադրանքը հիմնված է DOXA-ում հրապարակված նյութերի վրա։ Մասնավորապես, խոսքը 2022 թվականի օգոստոսի 3-ի թվիթի մասին է, որում ներկայացված էր Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների քարտեզը, ինչպես նաև 2023 թվականի հունվարի 13-ին կայքում հրապարակված հոդվածի մասին՝ «Բողոքի ժամանակը ավարտվեց, սկսվեց դիմադրության ժամանակը» վերնագրով, Theins.ru-ն։

Մեղադրող կողմը պնդել է, որ Արամյանը DOXA-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է։

Դատախազությունը պահանջել է 12 տարի և 1 ամիս ազատազրկում, սակայն չի ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներ։ Դատարանը մեղմացուցիչ գործոն է համարել Արամյանի դրական բնութագիրը։

Դատական նիստի ընթացքում փաստաբան Լեոնիդ Սոլովյովը պնդել է, որ Արամյանը պետք է արդարացվի՝ նշելով, որ նա չի արդարացրել ահաբեկչությունը, իսկ Բուչայի մասին թվիթում նշված էին տեղեկատվության աղբյուրներ և կեղծ տվյալներ չկային։

Արամյանը լքել է Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։ 2024 թվականի հունվարին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը DOXA-ն հայտարարել է «անցանկալի» կազմակերպություն։