3 մարտի 2025 - 15:53 AMT
ԿԽՄԿ-ն հացադուլի ընթացքում տեսակցել է Ռուբեն Վարդանյանին

ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ իրենց աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում այն մասին, թե ինչ են տեսել այցի ընթացքում։ Այդ մասին նա ասել է ԿԽՄԿ գրասենյակի դիմաց ընթացող ակցիայի մասնակիցների հետ զրույցում, որոնք հանդես են գալիս Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների աջակցության համար, հայտնում է Aysor.am-ը։

«ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել Ադրբեջանում պահվող հայերի հետ։ Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։

Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը ևս պատվիրակ է և չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը»,-ասել է Ամատունին։

Նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն չի տարածում որևէ տեղեկատվություն այն մասին, ինչ իրենք արձանագրել են՝ չկիսելով դա ո՛չ հանրության, ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ ընտանիքի անդամների հետ։

«Դրանք վերաբերում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»,-ասել է Ամատունին։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի առջև անցկացվում է բողոքի ակցիա, որի մասնակիցները բարձրացնում են Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկության և հայ ռազմագերիների պաշտպանության հարցը։ Ակցիային մասնակցում են իրավապաշտպաններ, հանրային գործիչներ և քաղաքացիներ։