4 մարտի 2025 - 11:15 AMT
Հայտարարություն․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել և լլկել

Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին նոր սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել։ Ըստ տեղեկությունների՝ նրա գլխին ամրացրել են երկաթ, սեղմել և լլկել։

Այդ մասին ասվում է ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարության մեջ, որով պահանջվում է վերականգնել Բաքվում անօրինական դատավարությունների ընթացքում խոշտանգումների ենթարկվող հայ գերիների իրավունքները։

«2020 թ․ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։ Բաքվի բռնապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու հիմնարար իրավունքները ոտնահարող բազմաթիվ գործողություններ է կատարել․ Արցախի խաղաղ բնակչության 9-ամսյա շրջափակման, ցեղասպանական գործողությունների՝ էթնիկ զտման և տեղահանության՝ միջազգայնորեն ընդունված հանցագործություններին ավելացել է բռնազավթված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում ընթացող ապօրինի, արդարադատության ծաղր – դատավարությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ հայ ռազմագերիներն ու պատանդները ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական կտտանքների, իսկ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը վերածվել է ստալինյան բռնաճնշումների օրինակելի գործընթացի։

Վարդանյանն իր ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է, որ իր դեմ իրականացվում են ապօրինի գործողություններ։ Ադրբեջանում ընթացող դատական գործընթացը զուրկ է արդարադատության տարրերից, իսկ Վարդանյանի նկատմամբ կիրառվող ուժային մեթոդները, ինչպես նաև նվաստացումները, ուղիղ սպառնալիք են նրա կյանքին։

«Ռուբեն Վարդանյանը և բոլոր մյուս պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիրներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, հայ ժողովրդի ազգային գիտակցությունը նսեմացնելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։

Ի նշան բողոքի՝ Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ է հայտարարել, սակայն փետրվարի 26-ի դատական նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, ինչի պատճառով նիստը ընդհատվել է։

«Հայրս ենթարկվել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կոչ անելով պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։

«Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։ Առաջնորդվելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով՝ նրանք անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող գործողությունները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ «Գերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան երրորդ համաձայնագիրը, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը։

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Բաքվի կազմակերպած դատավարությունները և կոչ է անում ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, Հայաստանում գործող դիվանագիտական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝

  • դատապարտել Բաքվի հակաօրինական քաղաքականությունը,
  • պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների պաշտպանությունը,
  • նպաստել անմարդկային վերաբերմունքի դադարեցմանն ու նրանց ազատ արձակմանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արվում բարձրաձայնել այս խախտումների մասին և համատեղ ջանքերով հասնել Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների վերականգնմանը։

Հայտարարության հեղինակները նաև դիմում են Վարդանյանի ընտանիքին և փաստաբաններին՝ խնդրելով նրան փոխանցել հացադուլը դադարեցնելու կոչը։

«Բաքվի բանտից մեզ հասցեգրած իր իսկ մարդասիրական խոսքով՝ «ամուր մնալու, դիմանալու և ճշմարտության հաղթանակին հավատալու» համար հարկավոր է լինել առողջ և շարունակել դիմակայել»,- ասված է հայտարարությունում։