Բաքվում շարունակվում է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների շինծու գործերով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արայիկ Հարությունյանն ասել է, թե 44–օրյա պատերազմի ընթացքում մտադիր է եղել նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել։
Հարությունյանի խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի երեկոյան նա հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ, հայտնում է Trend–ը։
«Ես զանգահարեցի Փաշինյանին և ասացի, որ պատրաստ եմ նամակ գրել Ալիևին՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, և որ Սահակյանն ու Ղուկասյանը, եթե պետք է, կմիանան: Նամակի նպատակն էր դադարեցնել պատերազմը՝ արտացոլելով հայկական բնակչության ցանկությունը:
Իսկ Փաշինյանին հղած նամակի բովանդակությունն այն էր, որ պետք է դադարեցնել պատերազմը՝ հայտարարելով, որ դա հայ բնակիչների ցանկությունն է։ Քանի որ Հայաստանում այս հարցում միասնական կարծիք չկար, ուստի առաջարկել էի հղում կատարել մեզ վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Մենք պատրաստ էինք չակերտավոր մեղավոր լինել, բայց պետք էր պահպանել մարդկային կյանքերը: Փաշինյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ ընդդիմության հետ, և հոկտեմբերի 19-ի երեկոյան նա զանգարահարեց և ասաց, որ պատերազմը շարունակվում է: Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել։ Ամենավատն այն էր, որ պատերազմը շարունակվելու էր»,–ասել է Հարությունյանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հարությունյանը նաև ընդունել է, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը ենթարկվում էր Հայաստանի Գլխավոր շտաբի պետին:
«Ես չեմ նշանակել և չեն ազատել բանակի հրամանատարներին, քանի որ նման լիազորություններ չունեի։ Հայաստանում քրգործ է հարուցված Ղարաբաղի բանակի հրամանատարի դեմ։ Եթե նա ինձ ենթարկվեր, նրա դեմ քրգործը կհարուցվեր Ղարաբաղում»,–ասել է Հարությունյանը, գրում է Trend-ը։
Ըստ մեկ այլ հրապարակման, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ասել է, որ Հայաստանի վարչապետն արգելել է իրենց որևէ կապ հաստատել արտաքին աշխարհի հետ:
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: