4 մարտի 2025 - 12:33 AMT
ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին

ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող ազգությամբ հայ անձանց անհապաղ ազատ արձակումը։Այդ մասին ասվում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։

Մարտի 3-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը իր համապարփակ զեկույցում հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ հայերի խնդրին։

«Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»,- ընդգծել է նա։

Տյուրկն իր զեկույցում նշել է նաև, որ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։