Մարտի 4-ին, ժամը 15:00-ին, ՀՀ արտգործնախարարությանը և Շվեյցարիայի դեսպանությանը կհանձնվեն նամակներ՝ Բաքվում ապօրինի կալանավորված հայերի իրավունքների պաշտպանության պահանջով։ Այդ մասին հայտնել է «Ազատություն հայ գերիներին» թիմը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հասցեագրված նամակում ընդգծվում է, որ, համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, անհրաժեշտ է երրորդ երկրների միջոցով ապահովել հյուպատոսական հասանելիություն Բաքվում պահվող հայ գերիների համար։ Բացի այդ, առաջարկվում է դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես՝ Շվեյցարիայի Համադաշնությանը, Հայաստանի անունից լիազորելով այն կազմակերպել հյուպատոսական ծառայությունների հասանելիություն բոլոր հայ գերիների, ինչպես նաև շտապ բժշկական օգնության տրամադրում Ռուբեն Վարդանյանին։
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակում ընդգծվում է այդ երկրի դերը միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում և միջնորդության փորձառությունը բարդ իրավիճակներում։ Հայտնի է, որ հայաստանյան մոտ 40 հասարակական կազմակերպություններ ստորագրել են նամակները, որոնք այսօր կփոխանցվեն համապատասխան հասցեատերերին։
Ակցիան կմեկնարկի ՀՀ արտգործնախարարության շենքի մոտից, որից հետո ՀԿ-ների ներկայացուցիչները կշարժվեն դեպի Շվեյցարիայի դեսպանատուն՝ նամակները հանձնելու նպատակով։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։