Ամիսներ առաջ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա կնոջ մահվան գործով մեղադրյալ դեռ չկա։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Զաբել Կ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հայտնում է Iravaban.net-ը։
Գործի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, սակայն դրա եզրակացությունը դեռևս չի ստացվել։
«Ներկայումս քրեական վարույթով իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ, քրեական վարույթով ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակով անձ չկա»,- նշված է Քննչական կոմիտեի պատասխան նամակում։
Կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը տեղեկացրել էր, որ կնոջ մահվան պատճառը սրտամկանի սուր ինֆարկտն է եղել։ Նրա խոսքով՝ նախավիրահատական բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվել են, և որևէ հակացուցում չի հայտնաբերվել։